Նամակ նրան | страница 2



Շնորհակա՛լ եմ, որ երբեք չես մտել մեր կյանք։ Այսքան տարիների ընթացքում հայացք անգամ չես նետել Արայի կողմ։ Չես օգտվել իրավիճակից և հետո, երբ Արամիս հետ պատահած դեպքը․․․ ոչ հեշտ ժամանակներ էին մեր ընտանիքում․․․ Կներես… այո՛, կներես չափից ավելի եսասիրության համար։ Նախանձում եմ քո մարդ տեսակին։ Ես այդպես անել չէի կարողանա։ Երբե՛ք։ Ճիշտն ասած նույնիսկ չեմ ուզում պատկերացնել ինձ նման իրավիճակում։ Երևի երբ աստված միացնում էր ինձ ու Արային, լավ գիտեր ովքե՛ր ենք մենք ու ինչի՛ ենք արժանի։ Իսկ դու՛… դու էլ ամուսնացիր, որ ինձ էլ հեշտ լինի։ Որովհետև մութ գիշերը, երբ տանը բոլորը քնած են, մտքերս բերում են քո մոտ։ Վախենում եմ… վախենում եմ, որ կողքս քնած ամուսինս քո մասին է երազում։ Եթե ես տղամարդ լինեի, անպայման կերազեի։ Շնորհակալ եմ քեզ… բայց ամուսնացիր, որ երջանիկ լինես ու իմ երջանկությունն էլ չմնա կիսատ։ Ասացի չէ՞, եսասե՛ր եմ…

P.S. Արամս ասաց, որ հիվանդանոցում մի առավոտ արթնացել էր նրանից, որ մեկը գրկել ու համբուրել է իրեն։ Բայց մինչև ծանրացած աչքերը բացել է, ոչ մեկին չի տեսել, ոչ մեկը չկար։ Մտածել է ցնորք է։ Երեսը թաց էր արցունքներից։ Զարմացել է։ «Երևի քնած ժամանակ լացել եմ». եզրակացրել է որդիս։ «Մամ,_ ասաց նա._ քո բույրը զգացի, թվաց թե դու ես գրկել, կարոտս առի։ Այնքան լավ եմ զգացել ինձ, կարծես մոտս էիր»։ Բայց ես գիտեմ, որ դա դու՛ էիր։ Գիտեմ ու կլռեմ…ու այս նամակն էլ երևի կպատռեմ․․․»։